Մշակույթ

Մոտենում է «Մանկական եվրատեսիլ»-ը. Հայաստանը կմրցի 18 երկրների դեմ

1 ամսից էլ քիչ է մնացել «Մանկական եվրատելի 2019»-ին: Այն տեղի կունենա նոյեմբերի 24-ին Լեհաստանում՝ Գլիվիցե քաղաքում: 17-րդ «Մանկական եվրատեսիլ»-ում «Colours of Your Dream» երգով Հայաստանը կներկայացնի Կարինա Իգնատյանը, որն այդ հնարավորությունն ստացավ հաղթելով «Դեպի մանկական եվրատեսիլ 2019»-ում: Ինչպես ՀԺ-ին ավելի վաղ ասել է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանը, երգչուհին այս շրջանում աշխատում է իր տեսահովոլակի վրա, որը շուտով կներկայացվի լսարանին:

«Մանկական եվրատեսիլ»-ում Կարինան կունենա 18 մրցակից: Բացի Հայաստանից՝ մասնակցում են Ալբանիան, Ավստրալիան, Բելառուսը, Ֆրանսիան, Վրաստանը, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Հոլանդիան, Մակեդոնիան, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Իսպանիան, Ուկրաինան Ուելսը, ինչպես նաեւ Լեհաստանը, որը 2018թ. հաղթեց Ռոքսանա Վենգելի «Anyone I Want to Be» երգով: Այս տարի մրցույթը նորեկներ չի ունենալու: Իսպանիան վերադառնում է 13 տարվա դադարից հետո:

Հաղթողը որոշվելու է ազգային պրոֆեսիոնալ ժյուրիների ու հանդիսատեսի առցանց քվեարկության արդյունքներով՝ 50/50 հարաբերակցությամբ: Առցանց քվեարկությունը կանցկացվի 2 փուլով: Առաջին փուլը կսկսվի նոյեմբերի 22-ին՝ Երեւանի ժամանակով՝ 23:00-ին: Կավարտվի կենդանի շոուի մեկնարկից 1 րոպե առաջ՝ 18:59-ին: Երաժշտասերները կքվեարկեն հիմնվելով փորձերի ժամանակ արված տեսանյութերի վրա: 2-րդ փուլը կլինի կենդանի շոուի ընթացքում: Հանդիսատեսը 15 րոպե քվեարկելու ժամանակ կունենա վերջին կատարումից հետո: Երաժշտասերները կարող են իրենց ձայնը տալ առնվազն 3 եւ առավելագույնը 5 մասնակցի: Կարող են քվեարկել նաեւ սեփական երկրի օգտին: