Միջազգային

«Թեհրանում խոցված ուկրաինական ինքնաթիռի գործում անորոշություններ կան». Խամենեի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ուրբաթ՝ հունվարի 17-ին, հայտարարել է, որ Թեհրանում խոցված ուկրաինական ինքնաթիռի գործում «անորոշություններ կան», հայտնում է korrespondent.net կայքը:

«Ինքնաթիռի դեպքի հետ կապված անորոշ պահեր կան, որոնք պետք է հետաքննվեն` հետագայում նման դեպքերի կանխարգելման համար»,- ընդգծել է նա:

Խամենեին հավելել է, որ «իրանցիների և այլ երկրների ներկայացուցիչների մահը շատ դառը պատահար է»:

«Ինքնաթիռի աղետը պատահար է, որը բառացիորեն այրել է իմ սիրտը»,- ասել է նա:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, գերագույն հոգևոր առաջնորդն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ժողովրդին ուղղված իր խոսքում հայտարարել է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն «ապտակ» է հասցրել ԱՄՆ-ի ամբարտավանությանը` հարձակում գործելով Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ իրականացրած հատուկ գործողության ժամանակ Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ Սոլեյմանիի սպանության համար:

Հունվարի 8-ին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը: Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվել է, լույս հունվարի 8-ին Իրանի կողմից Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան երկու ռազմաբազաներին ուղղված ավիահարվածների հետևանքով 11 ամերիկացի զինծառայող է վիրավորվել:

Հիշեցնենք նաև, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»: