ԳԼԽԱՎՈՐՆորություններ

ԱԻՆ ահազանգել են, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում․ դեպքի վայրում են Ֆելիքս Ցոլակյանն ու ոստիկանապետի պաշտոնակատարը

Փետրվարի 22-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում:

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` քիչ առաջ անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ԱԻՆ Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել է, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված և պայթելու է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ:

Ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ինչպես նաև սակրավորներ և կինոլոգներ:

Քանի որ ահազանգողը չի հայտնել, թե որ օդանավակայանում է ռումբը դրված, մի խումբ ոստիկաններ, փրկարարներ և մյուս իրավասու կառույցների ծառայողներ ստուգում են կատարում նաև «Էրեբունի» օդանավակայանում:

«Զվարթնոց» օդանավակայանի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: