ԳԼԽԱՎՈՐՄշակույթ

Դժվար պահերին ժպիտը ոչ միայն բուժում է, անգամ օգնում է հաղթահարել լարվածությունը. Էլեն Սիմոնյան

Spektr.am-ը շարունակում է ներկայացնել մեր կողքին ապրող ու ստեղծագործող անձնանց, ովքեր փորձում են նոր խոսքով ու նոր գործերով առանձնանալ: Այսօրվա մեր զրուցակիցը 19-ամյա մոդել, լուսանկարիչ Էլեն Սիմոնյանն է: Նա մանկուց երազել է ցուցադրել հայտնի դիզայներների աշխատանքները, լուսանկարվել, ճանաչված լինել: Ինչպես ասում են, ով փնտրում է, նա գտնում է: Էլենին ևս հաջողվել է գտնել իր համար հոգեհարազատ մասնագիտություն, որն օգնում է ինքնադրսևորվել և գրավել հասարակության ուշադրությունը:

— Ինչու՞ որոշեցիք ընտրել մոդելինգը, ինչով այն գրավեց Ձեզ:

— Շատ ոլորտներում եմ փորձել ինքնադրսևորվել, սակայն, ոչ մեկն ինձ այնքան հոգեհարազատ չի դարձել որքան մոդելինգը: Անգամ 3 տարի հաճախել եմ քանոնի դասերի, բայց մոդելինգն ինձ գրավեց, քանի որ ավելին տվեց, քան սպասում էի: Ամեն ինչ սկսվեց մի այցելությունից: Ես շատ ամաչկոտ էի, գրեթե ոչ մեկի հետ չէի խոսում: Որոշեցի գնալ գործակալություն, որպեսզի քայլվածքիս վրա աշխատեմ: Մտածում էի, որ նման դասընթացից հետո ավելի ինքնավստահ կդառնամ: Եվ օր-օրի սկսեցի փոփոխությունը զգալ: Կարծես, մոդելինգն ինձ օգնեց հաղթահարել պատանեկության իմ բոլոր դժվարությունները: Դրանից հետո սկսեցի այլ կերպ ընկալել ու սիրել այն։ Դասախոսս ասաց, որ լավ տվյալներ ունեմ, կարող եմ հաջողությունների հասնել այս բնագավառում: Եվ այդպես էլ սկսվեց իմ մեծ սերը մոդելինգի հանդեպ։

— Գիտեմ, որ բացի մոդելինգից զբաղվում եք նաև լուսանկարչությամբ: Դրանցից բացի ուրիշ ինչո՞վ եք զբաղվում։

— Բացի լուսանկարչությունից և մոդելինգից սիրում եմ նաև նկարել: Մասնագիտությամբ նկարչուհի եմ, բայց նկարում եմ, երբ մուսաս է գալիս: Ավելի շատ սիրում եմ հագուստներ մոդելավորել և հիմնական ժամանակս դրան եմ նվիրում: Մի ժամանակ մտածում էի դիզայներ դառնալու մասին, բայց հետո փոխվեցին մտքերս՝ դեպի լուսանկարչական արվեստ։ Զուգահեռ ֆոտոշափ ծրագիր եմ սովորում, որպեսզի հետագայում կարողանամ իմ լուսանկարները մշակել։

— Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել եք, որ մանկուց եք երազել մոդելինգի մասին… Կպատմե՞ք ինչ զգացողություն ունեցաք, երբ առաջին անգամ բեմ բարձրացաք:

— Այո մանկուց էի երազում մոդելավորող դառնալու մասին, չնայած, ինչպես արդեն ասացի, 16 տարեկանում ամաչկոտ էի, քիչ էի շփվում մարդկանց հետ ու չէի պատկերացնում, թե ինչպես կարղ եմ բեմ բարձրանալ: Բայց, այնպես ստացվեց, որ առաջին անգամ հենց այդ տարիքում բեմ բարձրացա: Top Model Armenia մրցույթին էի մասնակցում, որտեղ արժանացա Top Model 2 vice miss տիտողսին: Ձեռք բերեցի շատ ընկերներ։ Եվ, կարծես, բոլոր բարդույթները հաղթահարվեցին: Այդ մրցույթից հետո այլ մրցույթների մասնակցեցի, և, կարող եմ ասել, որ ինձ մրցույթներն օգնեցին ավելի ինքնավստահ դառնալ։ Վերջերս մասնակցում էի Գոհար Հարությունյանի կողմից կազմակերպած Miss Armenia հեղինակավոր մրցույթին, որտեղ ևս արժանացա միսս համերաշխություն տիտղոսին և ընդգրկվեցի 10 լավագույնների մեջ: Դա շատ ուրախալի էր ինձ համար:

— Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք, ի՞նչ նոր անակնկալ ունեք Ձեր երկրպագուների համար:

— Անկեղծ ասած՝ շատ մտքեր ունեմ իրագործելու, բայց այս պահին շատ չեմ բացի փակագծերը: Միայն կասեմ, որ շուտով որպես լուսանկարիչ հանդես կգամ: Հետագայում ծրագրում եմ մասնակցել մրցույթների, բայց դրա համար դեռ պետք է պատրաստվեմ։

— Ինքնամեկուսացման շրջանում ինչպե՞ս եք անցկացնում օրերը:

— Ինքնամեկուսացման օրերը անցկացնում եմ տանը, ընտանիքիս անդամների հետ: Նախկինում խոհանոցին այդքան էլ մոտ չէի գալիս, բայց վերջերս սկսել եմ համեղ ուստեստներ պատրաստել։ Գիրք եմ ընթերցում, օն-լայն շփվում եմ ընկերներիս հետ։ Փորձում եմ ամեն օրս հետաքրքիր անցկացնել: Կարծում եմ պետք է միշտ ժպտալ և ամեն դժվարություն ժպիտով հաղթահարել: Իմ կարծիքով դժվար պահերին ժպիտը ոչ միայն բուժում է, անգամ օգնում է հաղթահարել լարվածությունն ու վախը։ Կարծում եմ, սա ևս փորձություն է, որը շուտով կհաղթահարենք: Առողջություն եմ մաղթում բոլորին, իսկ բժիշկներին՝ համբերություն, քանի որ այս համաճարակի օրերին նրանք օր ու գիշեր պայքարում են մարդկանց կյանքը փրկելու համար: