Միջազգային

Amazon-ը մտադիր է մթերային խանութների ցանց բացել

Ամերիկյան Amazon.com Inc. ընկերությունը մտադիր է տասնյակ մթերային խանութներ բացել ԱՄՆ մի շարք խոշոր քաղաքներում:

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, ընկերությունը մտադիր է ընդլայնել իր հնարավորությունները մթերային ոլորտում և սպառողների կյանքի տարբեր ասպարեզներում:

Աղբյուրի տվյալներով՝ Amazon-ի առաջին խանութը բացվելու է Լոս Անջելեսում այս տարվա վերջին: Ընկերությունը նաև պայմանագիր է ստորագրել մթերային խանութի համար առնվազն երկու այլ տարածքի վարձակալման մասին, որոնք նախատեսում է բացել 2020-ի սկզբին: Դրանց տեղակայման վայրը դեռևս հայտնի չէ:

Պարբերականի մեկ այլ աղբյուրի տեղեկություններով՝ Amazon-ը մտադիր է խանութներ բացել Սան Ֆրանցիսկոյում, Սիեթլում, Չիկագոյում, Վաշինգտոնում, Կոլումբիա շրջանում և Ֆիլադելֆիայում:

Նշվում է, որ խանութների նոր ցանցը տարբերվելու է Amazon-ին պատկանող Whole Foods Market սուպերմարկետների ցանցից, թեև հայտնի չէ, թե արդյոք ընկերության անունը նշված կլինի նոր ցանցի անվանման մեջ: