Միջազգային

Իսպանիայում արտակարգ ռեժիմը կերկարաձգվի ևս 15 օրով. վերջին 24 ժամում կորոնավիրուսից 809 մարդ է մահացել երկրում. CNN

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ևս 15 օրով կերկարաձգվի երկրում սահմանված մեկուսացման և բարձր պատրաստականության վիճակը, որով խստորեն սահմանափակվում է մարդկանց տեղաշարժը:

Ինչպես հայտնում է CNN-ը, արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի մնչև ապրիլի 26-ը: Այս ընթացքում փակ կմնան դպրոցներն ու ձեռնարկությունների մեծ մասը:

«Մենք մեծ ճգնաժամի առաջ ենք կանգնել՝ պայքարելով մեր կյանքի համար», — ասել է Սանչեսը ժողովրդին ուղղված ուղերձում:

Նախորդ որոշմամբ՝ արտակարգ ռեժիմը երկարաձգվել էր մինչև ապրիլի 11-ը: Իսպանական կառավարությունը երկրի խորհրդարանին երեքշաբթի կխնդրի երկարաձգել արտակարգ ռեժիմը:

Այս հայտարարությունը հաջորդել է երկրում կորոնավիրուսից մահացածների թվի աճի մասին հաղորդմանը: Վերջին մեկ օրում Իսպանիայում 809 մարդ է մահացել հիվադությունից՝ մահացության ցուցանիշը հասցնելով 11 744-ի: Նշվում է, որ մարացության ցուցանիշը նվազում է երկրորդ օրն անընդմեջ. ուրբաթ մահվան 932 դեպք էր գրանցվել, հինգշաբթի՝ ռեկորդային 950:

Իսպանիան կորոնավիրուսից երկրորդ ամենատուժած երկիրն է ողջ աշխարհում՝ Իտալիայից հետո: Վարակվածների թիվը հասել է 124 736-ի, որոնցից 34 219-ը ապաքինվել են: