Մշակույթ

Ա. Հարությունյանի կողմից գործընթացի վերահսկվումը նպաստեց, որ վերջ տրվի կոշտ հակամարտությանն ու փոխադարձ վիրավորանքներին

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի միջեւ պլանավորված հանդիպումը կայացել է: Ռեժիսորը ԿԳ նախարարի հետ մանրամասն քննարկել է «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի արգելափակումն ու հնարավոր լուծումները:

Հիշեցնենք, որ ռեժիսոր Հովհաննես Գալստյանը 2019 թվականի փետրվար 3-ից վերսկսած կրկնահացադուլը դադարեցրել էր ԿԳ նախարարի հետ հանդիպումից հետո: Ռեժիսորը Արայիկ Հարությունյանի հետ քննարկել էր Ազգային կինոկենտրոնի կողմից «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի արգելափակման ու հացադուլի պահանջների ամբողջ «փաթեթ»-ը, որից հետո, հացադուլի 21-րդ օրը, դադարեցրեց այն:

«Գործընթացը վերահսկվում է Արայիկ Հարությունյանի կողմից, ու դա նախ եւ առաջ նպաստեց նրան, որ վերջ տրվի կոշտ հակամարտությանը, զրպարտություններին ու փոխադարձ վիրավորանքներին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գալստյանը։

Կինոռեժիսորը նաեւ հայտնեց, որ մինչ այդ էլի հանդիպումներ են եղել նախարարի հետ ե՛ւ Մատենադարանում ե՛ւ նրա աշխատասենյակում։ Հովհաննես Գալստյանը ներկայացրել է կինոյի պետական կառավարման փոփոխությունների անհրաժեշտությունը, եղանակներն ու միջոցները։

«Այսօրվա հանդիպումը միայն «Տատիկիս վարսերին» էր վերաբերվում։ Մոտ երկու ժամ քննարկել ենք։ Մի քանի փաստաթղթեր կան, որոնց վերաբերյալ մեր ընկերության ու կինոկենտրոնի փաստաբանները պիտի իրենց վերաբերմունքը հայտնեն։ Արայիկ Հարությունյանը շատ համբերատար ու հետեւողականորեն, բոլոր մանրամասներով ծանոթանում է խնդրին։ Եվս մեկ հանդիպման անհրաժետություն կա։ Ես հավատում եմ, որ ի վերջո ազնիվ ու կինոյի շահերից բխող լուծման կգանք»,-եզրափակեց Գալստյանը։