Մշակույթ

«Ես ինքս եմ որոշել իմ նկարահանման գնացուցակը՝ ելնելով իմ պահանջված, հայտնի և, ամենակարևորը, անհասանելի կարգավիճակից»․ Սյուզաննա Սեդրակյանը վերադառնում է նոր նախագծով

Մոդել, հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանը վերադառնում է նոր նախագծով, որի մանրամասները պատմել է BlogNews.am-ին: «Day off Սյուզաննա Սեդրակյանի հետ» նախագիծը շուտով կլինի եթերում, որտեղ հեռուստադիտողը կտեսնի հաղորդավարուհուն այլ ձևաչափում: Սյուզաննայի խոսքով՝ առաջին հանդիպման ժամանակ արդեն պարզ էր, որ ընդունելու էր առաջարկը:
— Հեռուստատեսային դադարն ինչո՞վ էր պայմանավորված, և ինչո՞վ էիք զբաղված այս ընթացքում։
— Ես ամեն տարի ձմռանը հեռանում եմ հեռուստաէկրաններից, որպեսզի նորովի վերադառնամ: Այս տարին նույնպես բացառություն չէր, և շատ շուտով կտեսնեք կերպարանափոխված Սյուզաննա Սեդրակյանին:
— Գիտեմ, որ նոր նախագծով եք վերադառնում։ Ո՞ւմ կողմից եք ստացել առաջարկը, և ի՞նչ ձևաչափում է նախագիծը։

— Առաջարկը եղավ Լևոն Դադասյանի կողմից, ով այս նախագծի հեղինակն ու պրոդյուսերն է։ Առաջին իսկ հանդիպումից արդեն պարզ էր, որ կհամագործակցենք: Ձևաչափն ինձ դուր եկավ, քանի որ շատ հետաքրքիր և լեցուն օր ենք անցկացնելու հայտնի մարդկանց հետ՝ ներկայացնելով նրանց առօրյան և բացահայտելով նրանց ներաշխարհը: Մենք արդեն սկսել ենք նկարահանումները և շուտով կհանձնենք հեռուստադիտողի դատին:
— Այս ընթացքում այլ առաջարկներ ստացե՞լ եք և ինչո՞ւ այս նախագծում նկարահանվելու առաջարկն ընդունեցիք։
— Անշուշտ, եղել են, բայց ոչ մի առաջարկ չհետաքրքրեց այնքան, որքան հենց հեռուստատեսությունում աշխատանքը: Ձևաչափը դուրս եկավ: Ես սովոր եմ ակտիվ աշխատանքի, միշտ ռիթմի մեջ լինել, նկարահանման ընթացքում տարբեր վայրերում լինել, և այս նախագծում նշված բոլոր կետերը կան: Ամենակարևորը, որ հաղորդման անունն է «Day off Սյուզաննա Սեդրակյանի հետ»:
— Շատերը հիշում են Ձեր համարձակ կերպարները, ինչպես նաև բաց հագուստները։ Նոր նախագծում ավելի զո՞ւսպ եք ներկայանալու։

— Ես վաղուց արդեն հազվադեպ եմ հանդես գալիս համարձակ կերպարներով, բայց դա միշտ կլինի իմ ամենահարազատ կերպարը, որում ես ինձ միշտ լավ եմ զգում: Հեռուստատեսությունում պետք է ամեն ինչ չափի մեջ լինի, քանի որ հաղորդումը նայելու են և՛ մեծերը, և՛ փոքրերը: Պետք է յուրաքանչյուր մանրուք հաշվի առնել: Իհարկե, դեռ շատ կլինեն բաց կերպարներ, բայց թույլատրելիի սահմանում և ավելի շատ իմ ինստագրամյան էջում:

— Նոր առաջարկները ենթադրում են նաև աշխատանքային վերելքներ, ինչպես նաև աճ։ Ձեզ համար նույնպե՞ս այդպես է, արդյոք հենց նույն այդ սկզբունքո՞վ եք ընտրում առաջարկները։

— Ինձ համար յուրաքանչյուր նոր աշխատանք նոր հմտություն է և աճ: Ես երբեք հետքայլ չեմ անում և միշտ ձգտում եմ ավելիին, այդ պատճառով էլ շատ առաջարկներ մերժում եմ, եթե համարում եմ, որ դա արդեն անցած փուլ է ինձ համար, և տեղս զիջում նորերին: Այս նախագիծը, վստահ եմ, ստացված է լինելու, որովհետև ինչ ինձ հիշում եմ, ամեն ինչի հասել եմ իմ աշխատասիրության շնորհիվ:

— Հաղորդավարական դասընթացների գնո՞ւմ եք, թե՞ կարծում եք՝ լավ տիրապետում եք այս մասնագիտությանը:

— Չեմ կարծում, որ կա մարդ, ով սովորելու տեղ չունի։ Իհարկե, դա էլ է իմ պլաններում և շատ շուտով կընդգրկվի իմ առօրյա գրաֆիկում:

— Իսկ չկա՞ր մտավախություն, որ գուցե նման մեծ նախագծում աշխատելը չի ստացվի զուտ բավականաչափ փորձ և հմտություններ չունենալու պատճառով:

— Յուրաքանչյուր ոլորտ մուտք գործելիս փորձ չեմ ունեցել և միշտ վստահ եմ եղել ինքս ինձ վրա: Եթե ինչ-որ բան չստացվի, կմեղադրեմ ինձ, ուրեմն՝ քիչ եմ աշխատել ինքս ինձ վրա, իսկ ինչ վերաբերում է հմտանալուն, դրա համար կա թիմ, որն աշխատելու է ինձ հետ և օգնելու, որ շուտ հմտանամ այս ոլորտում: Ինչպես առաջ, այնպես էլ հիմա մտավախություն չունեմ։

— Արդյոք եղե՞լ է շրջան, որ մտածել եք՝ գուցե աշխատանքային առաջարկներ այլևս չունենաք։

— Չեմ մտաբերում այս պահին նման բան, բայց եթե ներսիս կրակը դեռ չի մարել, դժվար թե ինձ անհնար լինի նկատել: Լինելով երիտասարդ՝ ես սիրում եմ աշխատել և նոր բարձունքների հասնել: Չեմ կարծում՝ կգա այնպիսի օր, որ առաջարկներ չունենամ:

— Հեռուստատեսային աշխատանքն ինչքանո՞վ է ձեզ հետաքրքիր, և մեծ թիմի հետ աշխատելը բարդ չէ՞ ձեզ համար։

— Սա ինձ համար նոր ոլորտ չէ, ինչ-որ չափով ծանոթ եմ: Վերջին երեք տարին այս ոլորտում եմ: Այս անգամ ես աշխատում եմ մեծ թիմի հետ, որտեղ բոլորը տղաներ են: Սկզբում կարծում էի՝ հեշտ չի լինի, սակայն առաջին հաղորդումը նկարահանելուց հետո, երբ ծանոթացա բոլորի հետ, հուրախություն ինձ, բոլորը շատ ջերմ ընդունեցին: Շատ լավ թիմ ունեմ և մեծ հաճույքով եմ աշխատում նրանց հետ: