ԳԼԽԱՎՈՐՔաղաքական

Վրաստանի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը կարևորել է հակամարտությունների խաղաղ և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության ներկայացուցչական այցը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում: Ազգային ժողովի նախագահը կարևորել է եղբայրական ժողովուրդների ավանդական ու առանձնահատուկ կապերը՝ հիմնված ընդհանուր պատմության, մշակութային ու հոգևոր արժեքների վրա: Խորհրդարանի ղեկավարն առանձնացրել է նաև Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև կապերի ակտիվացումը՝ նշելով, որ առաջիկայում կձևավորվի պատգամավորական բարեկամական խումբը:

Խոսելով միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության կարևորության մասին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկկողմ ընդունելի հարցերում պատվիրակությունները մշտապես աջակցում են միմյանց: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ՝ տարբեր դիրքորոշումներ ունեցող հարցերում պատվիրակությունները պետք է առաջնորդվեն միմյանց առնվազն չվնասելու սկզբունքով:

ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ մեր երկրի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հավելելով, որ Վրաստանը՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, միացել է Մինսկի խմբի ձևաչափում կարգավորմանը: «Ուստի, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հավասարակշիռ ու չեզոք ձևակերպումներն այսուհետ ևս ուղենիշ լինեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարություններում»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը: Այս համատեքստում նա իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018թ. հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը: ԱԺ նախագահի խոսքով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաև Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձևակերպումներ: Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները: