Հասարակություն

Օպերայի ապամոնտաժվող սրճարաններում 300-ի փոխարեն 12 մարդ է աշխատում

Մարտի 13 -ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքին հարակից տարածքներում ապամոնտաժման ենթակա սրճարանատերերը պնդել են, թե ապամոնտաժման հետևանքով 300 մարդ կդառնա գործազուրկ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը հայտնել է, որ այս սրճարաններում իրականում գրանցված է 12 աշխատող:

«Տնտեսվարողները կամ իրենց շահը առաջ բրդելու համար փորձում են մոլորության մեջ գցել հանրությանը, կամ հարյուրավոր չգրանցված աշխատողներ ունեն։ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի կայքեջում՝ 1000plus.am-ում, տնտեսվարողի ՀՎՀՀ-ն իմանալու դեպքում կարելի է հեշտությամբ գտնել տնտեսվարողների կողմից պարտադիր վճարվող գումարները։ Հիշեցնեմ, որ ամեն աշխատակցի համար ամեն տնտեսվարող վճարում է 1000 դրամ», — գրել է նա:
«Անիվների վրա» ՍՊԸ-ն, որը օպերայի տարածքում զբաղեցնում է 565 քմ տարածք, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 1 աշխատող։ 2018-ին պատկերը նույնն է եղել։

«Սեզոնի պիկին հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին նույնպես աշխատակիցների թիվը մեկն է։ «Ատլանտիս Գարդեն» ՍՊԸ-ն, որը փաստացի զբաղեցնում է 1536 քմ տարածք 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 10 աշխատող։ Անցյալ տարի՝ սրճարանային սեզոոնի պիկին՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատակիցների քանակը եղել է 28։ «Համանվագ» ՍՊԸ-ն, որը փաստացի զբաղեցնում է 756 քմ տարածք, 2019 թվականի հունվարի 31-ի դրությամբ ունեցել է 1 աշխատող։ Անցյալ տարի՝ սրճարանային սեզոոնի պիկին՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին աշխատակիցների քանակը եղել է երկուսը», — գրել է Կուբատյանը:

Ավելի վաղ քաղաքապետարանը սկսել էր նշված տարածքներում գործող սրճարանների ապամոնտաժումը, սակայն դիմադրության էր հանդիպել այստեղ աշխատողների և ղեկավարների կողմից:

Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը։

Այնուհետև քաղաքապետարանը փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից, սակայն նախկին վարձակալները չեն մաքրել տարածքը, և մարտի 13-ին արդեն քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները սկսել են ապամոնտաժել համայքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները՝ կանաչապատման աշխատանքներն սկսելու համար։