ԳԼԽԱՎՈՐՄիջազգային

Նազարբաևը ղեկավարելու է երկիրն ԱԱԽ նախագահի պաշտոնից. լինելու է կրկնակի նախագահություն. քաղաքագետ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը անակնկալ չէր: Այն ծրագրված էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ղազախ քաղաքագետ Պյոտր Սվոյիկը:
Նա նշեց, որ նախագահի լիազորությունները փոխանցվել են երկրի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևին, ում «Նազարբաևը վաղուց էր բերել Ղազախստան՝ հենց իրեն ժամանակավորապես փոխարինելու համար»:
«Ղազախստանի ներքաղաքական կյանքում չկային այնպիսի պատճառներ, որոնք մղեին Նազարբաևին հրաժարականի: Իհարկե, կար դժգոհություն, կար հոգնածություն, բայց ներքին կյանքում իր համար չկային այնպիսի պատճառներ, որոնք հրաժարականի հիմք կլինեին: Նազարբաևն այն առաջնորդներից է, ովքեր զբաղեցնում են իրենց տեղը ցմահ: Նա ցմահ էլ կցանկանար մնար, բայց նա գիտակից մարդ է և ամեն ինչ ծրագրել էր սահուն անցման համար: Նազարբաևը ստեղծել էր անցումային փուլ»,- շեշտեց Պյոտր Սվոյիկը:

Քաղաքագետը նշեց, որ դեռ մեկ տարի առաջ Նուսուլթան Նազարբաևը ձևավորել էր Ազգային անվտանգության խորհուրդ, որի կանոնակարգով այն կարող է ղեկավարել երկրի առաջին նախագահը, այսինքն՝ Նազարբաևը:

«Հենց այս խորհրդի ստեղծումից հետո պարզ էր, որ սկսվելու է կրկնակի նախագահություն: Հաջորդ նախագահին առաջադրելու է հենց Նազարբաևը, նա է որոշելու թեկնածուին: Իսկ սա նշանակում է, որ լինելու է նախագահ, ով տեխնիկապես ղեկավարելու է երկիրը, և լինելու է Նազարբաևը, ով ստվերային կառավարելու է երկիրը Ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից: Դեռ հայտնի չէ, թե ով է լինելու նրա հետնորդը՝ իր աղջիկը, թե Տոկաևը»,- ասաց Սվոյիկը: