Տնտեսություն

ԿԲ-ն փոփոխություններ է առաջարկում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի՝ անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու դրույթում

ՀՀ կենտրոնական բանկը «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հետ կապված փոփոխություն է առաջարկում, որը ներկայացվել է e-draft.am կայքում։ Նախագծով առաջարկվում է օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
ԿԲ-ն այդ դրույթի ուժը կորցրած ճանաչումը պայմանավորում է հետևյալ հանգամանքներով․
«Այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը այլ` ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում։
Հարկ է նշել, որ նման դրույթներ նախատեսված են եղել և կիրարկվել են ԱՊՀ մի շարք երկրներում, և այն ժամանակ մեր տարածաշրջանում ֆինանսական ենթակառուցվածքների թերի զարգացվածության պարագայում որոշակիորեն արդարացված էին, սակայն նույնիսկ այդ պարագայում հանդիպեցին բուռն հակազդեցության և քննարկումների ինչպես ԿԲ ներսում, այնպես էլ համակարգի մասնակիցների շրջանում: Հետագայում, կարճ ժամանակ անց, այն ուղղակի հակասության մեջ մտավ տվյալ ժամանակահատվածում արագ զարգացող օրենսդրության և զարգացած տնտեսություններում գործող ինստիտուտների հետ, ինչպիսիք են, օրինակ, առևտրային գաղտնիքի և անձնական տվյալների պաշտպանությունը։

Նմանատիպ տվյալների հրապարակումն անխուսափելիորեն հանգեցնելու էր բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների սնանկացման, ինչպես նաև հանրային լուրջ դժգոհությունների: Ուստիև այն չկիրառվեց և չի կիրառվում: Իրավական առումով նաև խնդրահարույց էր առանց անձի համաձայնության իր առևտրային կամ անձնական տվյալների հրապարակումը և բացահայտումը հասարակության լայն զանգվածներին: Այդ տվյալների հրապարակման նպատակը ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիության ապահովումն էր, և նշված նպատակին հասնելու իրավաչափ եղանակ չէր կարող լինել կոնկրետ անձի տվյալների հրապարակումը, քանի որ կխաթարվեին առևտրային գաղտնիքի և անձնական տվյալների պաշտպանության միջազգայնորեն ընդունված համաչափության և այլ իրավական սկզբունքները»,- ասված է հիմնավորման մեջ։

Այժմ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքով է համապարփակ կարգավորվում նշված հարաբերությունները։ Այդ կարգավորումները համապատասխանում են միջազգային լավագույն փորձին։ Այդ պատճառով ՀՀ կենտրոնական բանկը չի կիրառում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված նշված դրույթը, քանի որ այն հնացած է և չի համապատասխանում ներկայիս օրենսդրությամբ ներդրված սկզբունքներին։