ԳԼԽԱՎՈՐՔաղաքական

Հեչ անհարմար չե՞ս զգում… Վահան Շիրխանյանի նամակը Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Առաջին լրատվական»-ի հրապարակմանն է տրամադրել բաց նամակ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին.
Ռոբերտ, քանի որ դու ոչ մի կերպ չես ուզում տեսնել, հասկանալ, ըմբռնել քո իրական տեղը, արժեքն ու դերակատարումը հայաստանյան իրողությունում, ստերի հավաքածուն գիրք ես կոչում, ուզում եմ հիշողությունդ թարմացնել մի քանի դրվագներով.
1. 1992 թիվ, հունիս ամիս։ Ստեփանակերտի հրապարակը և մարզադաշտը լցված էր 35000 փախստականներով Շահումյանից և Մարտակերտից։ Ես եկա քո մոտ և ասացի, որ նրանց բոլորին պետք է տեղավորել Ստեփանակերտի շրջակայքում ազատագրված հինգ գյուղերում, Շուշիում և Խոջալուում, իսկ ես կպայմանավորվեմ Հայաստանի կառավարության հետ, որ ամեն ընտանիքին օգնություն տրվի, քանի որ երկրաշարժից, ադրբեջանահայ փախստականներից հետո Հայաստանում ոչ մի ազատ հանրակացարան, հյուրանոց, դպրոց չկար։ Ես մեկնեցի Լաչին, որտեղ հավաքված էր փախստականների ևս մեկ խումբ, գիշերեցի այնտեղ, իսկ առավոտյան վերադարձա Ստեփանակերտ։
Լիսագոռից նոր էի անցել, տեսա՝ ճանապարհը լցված է փախստականներով, բոբիկ, ցնցոտիավոր ծեր ու մանուկներով, սոված ու ծարավ։ Հարցիս, թե ո՞ւր եք գնում, պատասխանեցին՝ Քոչարյանը ասաց, որ գնացեք Հայաստան, Ղարաբաղում տեղ չկա։ Տեսարանը ահավոր էր։ Ես հասա Ստեփանակերտ, մտա քո մոտ և ասացի՝ «դու անասուն ես»։ Բռունցքներդ սեղանին, գլուխդ կախ՝ ոչինչ չկարողացար պատասխանել։ Արդյունքում Արցախը զրկվեց 35000 բնակչից, և Հայաստանի փախստականների թիվը համալրվեց նույնքանով։ Նրանց մեծամասնությունը հետագայում արտագաղթեց Հայաստանից։ Գուցե դա քո անթաքույց ատելության դրսևորո՞ւմն էր դաշտային արցախցիների նկատմամբ։ Ես այդ օրը համոզվեցի, որ մարդը քեզ համար արժեք չի ներկայացնում, որ դու զուրկ ես պետական մտածելակերպից։

Դե, իհարկե, Ստեփանակերտը, Լաչինը, Վանքը, Մարտունին, Սարսանգը, Քարինտակը, ֆիզուլին, Ջաբրայիլը, Կուբատլին և այլ բնակավայրերը, ուր ես եղել եմ հարյուրավոր անգամ, սահմանից «հեռու» են 50-100 կմ, ինչպես դու ես գրում քո «писулька»-ում։ Պարզվում է՝ դու Արցախի տարածքի աշխարհագրությունից պատկերացում չունես։

Միտումնավոր դեռևս բաց եմ թողնում մինչև 98-ը եղած մանրուքները, չնայած դրանք բոլորովին էլ մանրուքներ չեն։

2. 1998 թ. 30 մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59% և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 % ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41%՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ։

3. 1998 թ. դեկտեմբերի 10. Վահրամ Խորխոռունու սպանությունը հնարավոր դարձրեց Հոկտեմբերի 27-ի ազգադավ ոճրագործության իրագործումը։ Ի դեպ, դու քո այս բազմաչարչար գործում հիշատակե՞լ ես քո և ԼՂՀ ՆԳ փոխնախարար, Հայաստանից գործուղված Վահրամ Խորխոռունու առավել քան լարված հարաբերությունների մասին։ Եթե մոռացել ես, ես կարող եմ հիշեցնել։

4. Քո՝ նախագահ ինքնահռչակվելուց երկու ամիս անց Վազգենը ինձ հրավիրեց իր մոտ։ Նա առավել քան մտահոգ էր։ Ասաց՝ Շիրխանյան, էս ի՞նչ արինք։ Էս մարդը հայ չի, նա չի սիրում հային, Հայաստանը։ Զրույցի վերջում նա հանձնարարեց ընտրել ընդունելի գաղափարախոսությամբ կուսակցություն և սկսել այն ստեղծելու աշխատանքը։ Նա որոշել էր Հայաստանը քեզանից ազատել բաց ու ազնիվ քաղաքական պայքարի միջոցով, ոչ թե տեռորով։

Շարունակությունը՝ 1in.am