Քաղաքական

ՀՀ տնտեսության մեջ քիչ հավանական է իրականացնել հեղափոխական քայլեր, իսկ տնտեսությունը հիմնականում շինարարության ոլորտի վրա կառուցելը ճիշտ չէ. Գագիկ Վարդանյան

Շինարարության ծավալներում նշանակալի է բնակշինարարության բաժնե­մա­սը: Բնականաբար, բնակելի շեն­քերի նկատմամբ պահանջարկի մեծացման ուղիներից մեկը հիփոթեքային վարկավորումն է, որի աճի տեմպերի բարձրացումն ունի:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը՝ անդրադառնալով տնտեսական աճին, տնտեսությունում հեղափոխություն անելու մասին հայտարարություններին, համեմատականներ տանելով 90-կաններին, 2000-ականներին ՀՀ-ում իրականացված տնտեսական քաղաքականության հետ ու արդյունքներին, հիմնվելով նաև միջազգային անցուդարձի վրա:
– Պարոն Վարդանյան, ըստ ԱՎԾ-ի՝ շինարարության ոլորտում այս տարվա և՛ հունվարին, և՛ փետրվարին առավել քան 20 տոկոս աճ է գրանցվել։ Ինչպե՞ս կգնահատեք սա, ինչո՞վ է պայմանավորված շինարարության ծավալների նման աճը:
— Հարկ է նշել, որ ամսական կամ եռամսյակային ցուցանիշները, սովորաբար, բնութագրական չեն ամբողջ տարվա համար, ինչպես վկայում է շինարարությանն առնչվող պաշտո­նական վիճակագրությունը: Այո, 2019 թ. հունվարին շինարարության աճը կազմել է 22.1%, փետրվարին՝ 21.3%: Նախորդ տարի՝ 2018 թ. հունվարին հավելաճը կազմել է՝ 19.7%, փետրվարին՝ 25.1%, մարտին՝ 23.2%, իսկ տարեկան՝ 4.5%: Այդ տեմպերը փոփոխական են նաև ըստ առանձին ամիսների ու առանձին եռամսյակների:

Որոշ տարիներին, առաջին եռամսյակում գրանցվել են նույնիսկ ռեկորդային ցուցանիշներ.օրինակ, 2008 թ.՝ հունվար՝ 79.7%, փետրվար՝ 2.4%, մարտ՝ 22.2%, 2003թ.՝ հունվար՝ 56.2%, փետրվար՝ 29.3%, մարտ՝ 26.6%, 2001 թ. հունվար՝ 5.6%, փետրվար՝ 3.4 անգամ, մարտ՝ 2.6 անգամ: Այդուհանդերձ, տարվա կտրվածքով, շի­նարարության ամենաբարձր տեմպերն արձանագրվել են. 2007 թ.՝ 19.7%, 2006 թ.՝ 37.1%, 2005 թ.՝ 34.2%, 2004 թ.՝ 17.2%, 2003թ.՝ 40.0%, 2002թ.՝ 43.3%: Համաշ­խար­հային ճգնաժամը, այդ տեսանկյունից չշրջանցեց նաև ՀՀ շինարարության ոլորտը, որտեղ 2009թ. անկումը կազմեց 36.4%:

Տնտեսության տատա­նումները, այդ թվում՝ շինարարության, արտահայտվում են տնտեսական պարբե­րաշրջա­նում: Ուսումնասիրված տնտեսական պարբե­րաշրջան­ներին տրվել է դրանց առնչվող տեսությունները մշակողների անուն­ները. կոնդրատևյան (45-60 տարի տևողությամբ), կուզնեցի (15-20 տարի), ժյուգլարի (7-11 տարի), քիթչենի (3-4 տարի):

Կուզնեցի (ամերիկացի տնտեսագետ, նոբելյան մրցանակի դափնեկիր՝ Սայմոն Կուզնեց) պարբերաշրջանն անվանում են նաև «շինարարական» կամ «ժո­ղովրդագրական» պարբե­րաշրջան­ներ: Կարելի է ասել, որ կոնդրատևյան մեծ 5-րդ պարբերաշրջանի (սկիզբը՝ 1990-ական թթ. սկիզբը) և նորանկախ Հայաստանի առաջին շինարարական պարբե­րաշրջանն ավարտվեց 2014-16 թթ.: Նկատի ունենալով այն, երկու տարի անընդմեջ (2017, 2018 և 2019 թվականի առաջին երկու ամիսը) շինարարության ոլորտում դրական դինամիկա է նկատվել, կարելի է ենթադրել, որ ՀՀ-ում շինարարությունը մուտք է գործել նոր պարբե­րաշրջան:

— Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ այս տարվա հունվարին, նախորդ տարվա հուն­վարի համեմատ, հիփոթեքային վարկավորումն աճել է 77 տոկոսով, փետրվարին՝ 100 տոկոսով: Ի՞նչ է ենթադրում հիփոթեքային վարկավորման ծավալների աճը:

— Հատկապես դրամով հիփոթեքային վարկավորման աճի տեմպերի դրական դինամիկայի ուժեղացումը նկատվել է դեռևս 2017 թ.-ի 3-րդ եռամսյակից և էլ ավելի են ուժեղացել 2018 թ.-ի դարձյալ 3-րդ եռամսյակից: Այսպես, եթե 2017 թ,-ի 3-րդ եռամսյակին նախարդի համեմատ հավելաճը կազմել է 3.8 %, ապա 2018 թ. նույն ժամանակահատվածում այն կազմել է 11.3 %:

Շինարարության ծավալներում նշանակալի է բնակշինարարության բաժնե­մա­սը: Այսպես, 2018 թ. հունվար — դեկտեմբերին բնակ­­չության միջոցների հաշվին շահագործման հանձնված շենքերի քանակը կազմել է 526, իսկ կազմակերպությունների միջոցների հաշվին՝ 63, թեպետ քառ. մետրերով առաջինը գերազանցում է վերջինին 3.8 %-ով: Բնականաբար, բնակելի շեն­քերի նկատմամբ պահանջարկի մեծացման ուղիներից մեկը հիփոթեքային վարկավորումն է, որի աճի տեմպերի բարձրացումն ունի, առաջին հերթին, ժո­ղովրդագրական բացատրություն (դրանով էլ բացատրվում է քիթչենի պարբե­րաշրջանի մյուս անվանումը՝ «ժողովրդագրական»):

Շարունակությունը՝ tert.am