Հասարակություն

Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիները կկարողանան նաև աշխատել այնտեղ

Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիները կկարողանան նաև որոշ ժամանակ աշխատել այդ երկրում: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագրին։ Այն վերջնական հաստատումը կստանա ապրիլի 16-ին մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստում։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, ներկայացնելով համաձայնագիրը, տեղեկացրել է, որ դեռևս 2011-ին Հայաստանի և Արգենտինայի մուտքի արտոնագրի ազատականացման պայմանագիր են ստորագրել, ինչի արդյունքում թույլ են տվել քաղաքացիներին առանց վիզայի մուտք գործել այդ երկրներ։ Սակայն առանց վիզայի Արգենտինա գնացած քաղաքացիներն իրավունք չունեն իրենց գտնվելու ժամանակահատվածում կատարել վարձու աշխատանք, հայտնում է Aysor.am-ը։

Այդ հնարավորությունը ՀՀ քաղաքացիներին ընձեռելու համար էլ կառավարությունը խորհրդարանի դատին է ներկայացնում համաձայնագիրը։ «Այս գործիքը հնարավորություն կտա հիմնականում երիտասարդ մասնագետներին այցելությունների ժամանակ մինչև երեք ամիս տևողությամբ կատարել վարձու աշխատանք։ Ճիշտ է՝ շատ չեն այդ անձինք, բայց նրանք ուսման կամ կարճատև այցելության ընթացքում կարող են նաև աշխատել օրինական հիմքերով», — նշել է փոխնախարարը։

Պաշտոնյան վիճակագրական տվյալներ չի ներկայացրել, ասել է՝ չունի, բայց նշել է, որ նրանք ուսանողներ են, ովքեր կարող են սովորելուն զուգահեռ նաև աշխատել։