Սպորտ

ԶԼՄ-ները վստահ են՝ «Արսենալը» կհրաժարվի իր 2-րդ ամենաբարձր վարձատրվող խաղացողից՝ Մխիթարյանից

Բրիտանական լրատվամիջոցներում կրկին խոսում են այն մասին, որ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հենրիխ Մխիթարյանը կփոխի ակումբային գրանցումը: Football London-ը վերլուծել է ՀՀ հավաքականի ավագի դերն «Արսենալում» ու եկել է եզրակացության, որ նրա հեռանալն ավելի մեծ օգուտ կտա ակումբին, քան մնալը:

Նշվում է, որ գլխավոր մարզիչ Ունայի Էմերին լայն ընտրություն ունի, ու թիմում նույն ֆունկցիաները կատարելու համար, բացի Մխիթարյանից, եւս 3 խաղացող կա: Բացի այդ՝ Մխիթարյանը հիմնական կազմի հաստատուն խաղացող չէ: Այս ամենի հետ մեկտեղ նա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է. շաբաթական մոտ 200 հազար ֆունտ ստեռլինգ է ստանում եւ այդ ցուցանիշով զիջում է միայն Մեսութ Օզիլին: Շեշտվում է նաեւ, որ ակումբը նոր գնումներ կատարելու համար քիչ գումար ունի ու դեմ չի լինի վաճառել Մխիթարյանին ու ստացված գումարով, ինչպես նաեւ աշխատավարձի հարցում խնայողություն անելով ուրիշներին բերել:

Մխիթարյանի ապագայի վերաբերյալ խոսակցություններն արդեն վաղուց են բրիտանական մարզական պարբերականների քննարկման թեմա: Նրանից պարբերաբար դժգոհում են նաեւ երկրպագուները: Լինում են նաեւ փորձագիտական բացասական կարծիքներ: