Հասարակություն

Կալանավորված ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանը մի քանի օր անց ազատ կարձակվի. դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը

Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը երկու օրից ազատ կարձակվի:
Բանն այն է, որ մի քանի օր առաջ՝ ապրիլի 18-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ Ադյանին եւս երկու ամսով կալանավորելու վերաբերյալ: Սամվել Ադյանի կալանքի ժամկետը լրնում է ապրիլի 25-ին, ինչից հետո էլ նա ազատ կարձակվի:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր զրույցում հաստատեց, որ դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Ադյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի ժամկետները չերկարաձգելու դատարանի կայացրած այդ որոշումը: Ադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջադրել է ծանր հետեւանքներ, եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։

Նա կալանավորվել էր փետրվարին:
Նույն գործի շրջանակում կալանավորվել էր նաեւ ՊՎԾ աշխատակից Գեւորգ Խաչատրյանը, որը սակայն մի քանի շաբաթ առաջ ազատ է արձակվել:
Այս գործով հենց ապրիլի 18-ին մեղադրանք է առաջադրվել նաեւ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին. նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Հիշեցնենք, որ նա եւ Սամվել Ադյանը առերեսվել են, քանի որ նրանց ցուցմունքներում հակասություններ են եղել: Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածի 1-ին մասի՝ քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ս.Ա-ն, (Սամվել Ադյանը,-հեղ.) ունենալով պետության միջոցներով գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գ. Խ-ի հետ նախնական համաձայնությամբ, առերևույթ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտների՝ ՀՀ առողջապահության նախարարության և մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց կողմից հովանավորվող առևտրային կազմակերպության հաղթանակը:

ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջությամբ՝ այս հղումով: