Մշակույթ

Բուդդիստների հոգևոր առաջնորդ Դալայ լաման պատմել է` ինչպես կարելի է փրկել աշխարհը

Բուդդիստների հոգևոր առաջնորդ Դալայ լաման բացատրել է`ինչպես կարելի է աշխարհն ավելի լավը դարձնել։

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Դարամշալա քաղաքի իր նստավայրում ռուսաստանցի բուդդիստների առաջ ելույթ ունենալիս` նա կոչ է արել կարգավորել հակամարտությունները, կրճատել հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող պառակտումը։ Նրա խոսքով` ամենակարևորը ժամանակակից աշխարհի համար ահիմսան է` բռնության մերժումը։ Դալայ լաման նշել է` միայն սերն ու կարեկցանքն ավելի լավը կդարձնեն աշխարհը։
«Այսօր աշխարհում շատ են սպանությունները, մեծ հակամարտությունները, որոնք կյանքեր են խլում։ Աճում է տարածությունը հարուստների և աղքատների միջև։ Եվ այդ ամենը սիրո և կարեկցանքի պակասից է», – ՌԻԱ Նովոստին փոխանցում է բուդդիստների հոգևոր առաջնորդի խոսքերը։
Հազարավոր ունկնդիրների թվում են գերազանցապես ուխտագնացներ Բուրյատիայից, Կալմիկիայից, Տիվայից։ Դասընթացներին ներկա են նաև հավատացյալներ և բուդդիզմով հետաքրքրվողներ Ռուսաստանի և աշխարհի այլ շրջաններից, այդ թվում Ասիայի երկրներից, Արևմտյան Եվրոպայից և ԱՄՆ–ից։

Հոգևոր առաջնորդը նշել է, որ սիրո և կարեկցանքի զարգացման ուղիները խորությամբ և լիարժեք շարադրված են հնագույն բուդդայական փիլիսոփաների ուսմունքներում: Նա խորհուրդ է տվել ուսումնասիրել Նալանդա բուդդիստական համալսարանի գիտնականների աշխատությունները։

Դալայ լաման հույս է հայտնել, որ բուդդայական իմաստունների նկարագրությունը ակադեմիական ուսումնասիրման առարկա կդառնա։

Եզրափակելով խոսքը նա շեշտել է, որ աշխարհի համար լավ, օգտակար կլիներ, եթե այն, ինչ ասվում է Նալանդայի մտածողների տրակտատներում ակադեմիական ուսումնասիրման առարկա դառնար։

Աղբյուրը՝  armeniasputnik.am