ՀասարակությունՄշակույթ

Ծնողներիս ասել էի՝ այդ աղջկան շատ եմ սիրում, իր հետ կազմած իմ ընտանիքը երջանիկ կլինի. «Հումորի լիգա»-ից հայտնի հնդիկ Ռահուլի և հայուհի Աննայի սիրո պատմությունը (Տեսանյութ)

Ազգությամբ հնդիկ Ռահուլ Սեթհիին, ով հայ հանրությանն այսօր առավել ծանոթ է «Շանթ» հեռուստաընկերության «Հումորի լիգա» և «Արմենիա» TV-ի «Մեծից փոքր» նախագծերից,  Հայաստան բերեց հայուհի երաժիշտ Աննա Ավագյանի սերը: 2015 թվականին ընտանիք կազմած երիտասարդ ամուսիններն ընդմիշտ Հայաստանում են հաստատվել: Ինչպես Ռահուլն է ասում՝ այստեղ իրեն լավ է զգում. ունի աշխատանք, ճանաչում, շրջապատ, Աննայի շնորհիվ էլ՝ մեծ ընտանիք:

Aysor.am-ը հյուրընկալվել է հայ-հնդկական հյուրասեր ընտանիքում, ծանոթացել Ռահուլի և Աննայի սիրո պատմությանն ու հաղթահարած դժվարություններին:

Ռահուլը մասնագիտությամբ բժիշկ է, սովորում, մեկտեղ՝ դասավանդում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ անթերի է տիրապետում հայերենին: Ասում է՝ սովորեց, քանի որ հետաքրքրված էր հայ ժողովրդի ու Հայաստանի պատմությամբ, ու միայն լեզվի իմացությունն իրեն թույլ կտար ծանոթանալու այդ պատմությանը: Աննան էլ հետ չի մնացել ու յուրացրել է ամուսնու մայրենին:

Ամուսինները ծիծաղելով պատմում են՝ թեև Ռահուլը 2008 թվականից ուսում ստանալու նպատակով Հայաստանում էր գտնվում, բայց իրենք ծանոթացել են 2015թ.-ին՝ Հնդկաստանում, երբ սանթուրահարուհի Աննան համերգային ծրագրով այնտեղ էր:

Հնդիկ փեսացուն չի թաքցնում՝ շա՜տ է տանջվել հայուհու սիրտը գրավելու համար:

«Ես ժամերով կանգնել եմ Աննայի հյուրանոցի դիմաց, որ ինքը դուրս գա, ու կարողանամ իրեն մեկ-երկու նախադասություն ասել: Անդրդվելի էր: Նաև երկու աներձագ ունեմ, պատկերացրեք, թե ի՜նչ դժվարության միջով եմ անցել: Ես հայ տղաների հետ լավ ընկերություն եմ արել. դե ձևը տենց ա՝ պիտի աղջկա ընկերներին մոտիկանաս, հետո՝ ախպերներին, բարեկամներին, մինչև հասնես նրան», — ծիծաղելով վերհիշում է Ռահուլն, ով այսօր այնքան է կապվել այդ ընտանիքին, որ կնոջ եղբայրներին իր «թիկունքն» է համարում, ծնողներին՝ իր ծնողները:

«Գիտեմ, որ Հայաստանում փեսաները զոքանչների մասին տարբեր պատմություններ են պատմում: Բայց ես Աննայի մայրիկին մամա եմ ասում, հայրիկին՝ հայրիկ: Մինչև տուն չգամ, չեն քնում, սպասում են, անհանգստանում՝ ինչպես իմ ծնողները: Իրենք էլ ինձ միշտ ասում են, որ իրենց փեսան չեմ, ընտանիքի տղան եմ», — ասում է նա:

Աննան էլ խոստովանում է՝ այնպիսի ընտանիքում է մեծացել, որ մտքով երբեք չի անցել, թե կարող է այլազգի ամուսին ունենալ: Սկզբում, Աննայի հորաքույրը գրկաբաց չի ընդունել հնդիկ փեսային, բայց դե Ռահուլին հաջողվել է շահել հայ բարեկամների սիրտը:

Պատկերն այլ էր Ռահուլի ընտանիքում. հնդիկ ընտանիքը գրկաբաց է ընդունել իրենց մինուճար որդու հայազգի հարսնացուին:

«Ծնողներիս ասել էի, որ այդ աղջկան շատ եմ սիրում ու գիտեմ, որ իր հետ կազմած իմ ընտանիքը երջանիկ կլինի: Ընտանիքս հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուրի որոշմանը, երբեք չի բռնացել», — վստահեցնում է Ռահուլը:

Աննայի և Ռահուլի հարսանիքը տեղի է ունեցել երկու պետություններում՝ հայկական ու հնդկական ավանդույթներով…

Մանրամասներն՝ Aysor.am-ի տեսանյութում։

Աղբյուրը՝ www.aysor.am