ԳԼԽԱՎՈՐՏնտեսություն

Չենք կարող ասել, որ 2018-ին ցանկալի արդյունք ստացել ենք, որովհետև տնտեսական աճի 5, 2%-ի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը․ ֆինանսների նախարար

2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ նախորդ տարի 5, 2% տնտեսական աճ է արձանագրվել, կանխատեսումների համար օգտագործվել է 4,5% աճի ցուցանիշը։
«Պետք է նկատել, որ դա տեղի է ունեցել, երբ համաշխարհային տնտեսությունն աճել է 3,6%-ով, ԵՄ տնտեսությունը աճել է 2,1%-ով, ԵԱՏՄ երկրների միջինացված աճի ցուցանիշը եղել է 2,5%»,-ընդգծեց նախարարը:
«Եթե ուշադրություն դարձնենք տնտեսական աճի կառուցվածքին, ապա սա այն դեպքերից է, որ պետք է արձանագրենք, որ այն փոփոխությունները, որոնք ակնկալում ենք և որոնց ուղղությամբ գործողություն ենք իրականացնում, չենք կարող գնահատել, որ իր ցանկալի արդյունքը 18-ին արդեն տվել է, որովհետև այս աճի մեջ մեծ կշիռ ունի ծառայությունների ոլորտը»,-ասաց նա։
Ջանջուղազյանը նշեց, որ տնտեսական աճի 5,2%-ից 4,8-%-ը բացատրվում է ծառայությունների ոլորտով։ «Անցած ոլորտների հետ կապված մեր սպասումները չենք կարող նշել որպես ցանկալի արձանագրում: Սա մեզ հուշում է, որ հայտարարած նպատակները, որոնք կառավարության ծրագրում գրանցվել են՝ այլընտրանք չունեն: Մենք պետք է ջանք գործադրենք, որ կառուցվածքը տնտեսության փոխվի, բայց ավաղ ունենք 18-ի համար այն, ինչ ունենք»,-ասաց նա։

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ բավական շատ են եղել քաղաքական փոփոխություններով պայմանավորված շահարկումները՝ կապված անվտանգության, արտաքին հարաբերությունների, տնտեսական, ֆինանսական, սոցիալական պարտավորությունները չկատարելու հետ։ «Այս շահարկումների միջավայրը կարելի է հաղթահարել, բայց պետք է չմոռանանք, որ սպասումները էական դերակատարություն են ունենում մարդկանց վարքագծի փոփոխության տեսակետից և որպես հաջողություն կարող ենք արձանագրել այն, որ հաջողվել է այդուհանդերձ դիմակայել՝ որևէ անկայունություն չի արձանագրվել»,-ասաց նա։

Ֆինանսների նախարարը ասաց, որ անխուսափելի է եղել իներցիայի շարունակությունը որոշ դեպքերում։ «Մենք չենք կարող գնահատել, որ կտրուկ փոփոխություներ են տեղի ունեցել ամեն տեղ: Մեր հավակնությունները շատ ավելին են, քան այն, ինչ արձանագրվել է»,-ասաց նա։