ԳԼԽԱՎՈՐՄիջազգայինՔաղաքական

Ինչ Են Քննարկել Փաշինյանն Ու Պուտինը. Վարչապետը Մանրամասներ Է Հայտնել

Շատ կարեւոր է, որ մենք կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի գին, որպեսզի այդ գինը չկոտրի այն տեմպերը, որոնք մենք ունենք տնտեսությունում: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է գազի գնի հարցը:

«Սա մեր հարաբերությունների համար շատ կարեւոր հարց է: Անհրաժեշտ է հասկանալ այս հարցի բոլոր նրբությունները, որովհետև ես ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել եմ, որ մենք ունենք շատ լավ տնտեսական դինամիկա:

Հույս ունեմ, որ մենք ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ մենք Ռուսաստանի հետ սովորական հարաբերություններ չունենք, մենք ունենք ռազմավարական հարաբերություններ, եւ կարծում եմ, որ մենք պետք է լուծենք նաեւ գազի ռազմավարական հարցը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ զենքի մատակարարման հարցը:

«Մենք համագործակցում ենք ռազմա-տեխնիկական ոլորտում, եւ իհարկե, մենք ունենք որոշակի համաձայնագրեր: Ես կարծում եմ, որ այս ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են համակարգված»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է Երեւանին նոր «Իսկանդեր» համալիրների մատակարարման հարցը, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը դրանցից բավարար քանակությամբ ունի. «Մենք բավարար «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք՝ Ռուսաստանից ինչ-որ բան եւս ստանալ: Ոչ այնքան փոքր բան»,- ասել է վարչապետը:

Աղբյուրը՝ ipress.am