ԳԼԽԱՎՈՐՔաղաքական

ՍԴ–ի շուրջ ստեղծված խնդիրը լուծելու կառուցակարգը ՀՀ նախագահի ձեռքում է. Այվազյան

Սահմանադրագետը կարծում է, որ ՀՀ նախագահը երկխոսության պետք է հրավիրի մեծամասնություն կազմող քաղաքական ուժին ու Սահմանադրական դատարանի 7 անդամներին։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը կարծում է, որ սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրը լուծելու կառուցակարգը ՀՀ նախագահի ձեռքում է։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Արդեն մի քանի օր է` ՍԴ–ում է աշխատում նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը։ Նա ավելի վաղ վստահեցրել էր, որ ինքը նախագահի լիազորություններ ունի, քանի որ ընտրված դատավոր է։ Երեկ ՍԴ նախագահն ու ՍԴ 7 դատավորները հայտարարություն էին տարածել` նշելով, որ Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, այդ պատճառով էլ չեն արձագանքում դրանց։ Վահե Գրիգորյանը նամակով դիմել էր ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին` նշելով, որ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է։